Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սեպտեմբերի 29 ին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ԳՀՃ հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2016թ. մրցանակաբաշխությունը:
Մրցանակներ հանձնվեցին հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, բնագիտական` ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների ուսուցիչներին և դասվարներին: Երրորդ մրցանակի արժանացավ 13 մանկավարժ, երկրորդ մրցանակի` 9-ը ուսուցիչ, իսկ առաջին մրցանակը տրվեց Երևանի Ա. Երզնկյանի անվան 118 ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Անուշ Խաչիկյանին:
«Մրցույթին առաջին անգամ եմ մասնակցում: Նման մրցույթները, կարծում եմ, մեկ անգամ ևս լիցք են հաղորդում ուսուցչին իր սուրբ գործի մեջ ավելին տեսնելու, ավելի կատարյալ վիճակում լինելու: Առաջին հերթին մարդ դաստիարակելը մեր մեծագույն պարտքն է»,- ասաց համապետական մրցույթի հաղթողը՝ Անուշ Խաչիկյանը, և հավելեց, որ իր հաջողության բանաձևը քրտնաջան աշխատանքն է և այն, որ շատ է սիրում երեխաներին:
Թողնել մեկնաբանություն