• Հայաստան, 0038 Երևան, Արզումանյան 8

Պատմություն

ՀՀ ԿԳՆ «Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը առանձին գործող ավագ դպրոց է, որի առաքելությունն է ապահովել սովորողների՝ ինքնուրույն կյանք վարելու պատրաստվածությունը և իրենց հակումներին, ընդունակություններին, կարողություններին և նախասիրություններին համապատասխան նախնական, միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը։

Դպրոցի գործունեության նպատակը սովորողների կողմից հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացման, անհատի բազմակողմանի զարգացման, նրա առողջության պահպանման, ինչպես նաև ինքնակրթության և լրացուցիչ կրթության պահանջմունքների բավարարման պայմանների ստեղծման ապահովումն է:

Դպրոցի գործունեության առարկան հանրակրթական հիմնական (ընդհանուր) և հանրակրթական լրացուցիչ ծրագրերի իրականացումն է: Միջնակարգ հանրա­կրթա­կան ընդհանուր ծրագրերը ներառում են հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրեր:

Դպրոցն իրականացնում է բնագիտամաթեմատիկական և հումանիտար հոսքերի ծրագրեր: Դպրոցը հիմնադրվել է 1961 թվականին՝ որպես Երևանի Ա. Երզնկյանի անվան հ. 118 միջնակարգ դպրոց: Անվանակոչվել է հիմնադրման պահից և մինչև այսօր կրում է հայ անվանի հասարակական-քաղաքական գործիչ Արամայիս Երզնկյանի անունը:

Դպրոցի առաջին տնօրենն է եղել Հովհաննես Լևոնի Բաղդասարյանը (1961-1970 թթ.):

Դպրոցը ղեկավարել են նաև՝ Միշա Բադալյանը (1970-1989 թթ), Նորայր Ղուկասյանը (1989-1991 թթ), Լարիսա Ազիզյանը (1991-2006թթ):

Դպրոցի շրջանավարտներից են Տատյանա Աբրահամյանը (գեղարվեստական մարմնամարզության ԽՍՀՄ չեմպիոն), Գոհար Արզանյանը (Երևանի հ. 126 դպրոցի տնօրեն), Սամվել Բադալյանը (ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Լևոն Բարխուդարյանը (ՀՀ ֆինանսների նախարար /1993-1997/, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար /1999-2000/), Աշոտ Խաչատրյանը («Արարատ» ֆուտբոլային ակումբի հարձակվող), Վահագն Խաչատրյանը (Երևանի քաղաքապետ՝ /1995-1998թթ/), Արսեն Կոտիկյանը (ըմբշամարտի աշխարհի չեմպիոն), Արաքս Մանսուրյանը (Սիդնեյի պետական օպերային թատրոնի մեներգչուհի), Սուսաննա Չալոյանը (դերասանուհի), Մխիթար Չիլինգարյանը (Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկ), Վաչե Տերտերյանը (ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար), Իսրայել Ցամաքյանը /1959-1994թթ/ (Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկ) և այլոք: 2006 թվականից դպրոցի տնօրենն է Կարինե Կարլենի Հովակիմյանը:

Կրթության որակի բարձրացման, սովորողների կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով 2009թ. սկսվել է ուսուցման կոլեկտիվ եղանակի ներդրումը դպրոցում, որը համագործակցության գաղափարախոսության հենքի վրա անհատական կրթական ծրագրով ուսուցում իրականացնող նորարական եղանակ է:

Ուսուցման համար դպրոցում կան նպաստավոր պայմաններ՝ նյութատեխնիկական հարուստ բազա, համակարգչային դասասենյակներ, ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներ՝ հագեցած անհրաժեշտ լաբորատոր գույքով, նորագույն լաբորատոր սարքավորումներով և պիտույքներով:

Սկսած 2010 թվականից՝ կենսաբանության և քիմիայի դպրոցական օլիմպիադաների հանրապետական փուլը անցկացվում է դպրոցում: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Երևանի պետական համալսարանի հետ կնքված համագործակցության պայմանագրերի շրջանակում բուհական դասախոսները նույնպես դասավանդում են դպրոցում:

Դպրոցի սովորողները պարբերաբար մասնակցություն են ունենում համայնքային, մարզային, հանրապետական և միջազգային տարբեր միջոցառումների և մրցույթների, ունենում հաջողություններ, գրավում մրցանակային տեղեր:

Բաժանորդագրվել մեր նորություններին